ԱԲ-ի տեսողական արվեստի դասընթաց

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով «Այբ» դպրոցում ներդրվել է տեսողական արվեստի դասընթաց։ Նպատակն է զարգացնել աշակերտների տեխնիկական հմտությունները գծանկարի և գունանկարի տարբեր ժանրերում։ Բացի դրանից, արվեստի տարբեր ոլորտներին առնչվող այս դասընթացը կխթանի աշակերտների՝ գեղեցիկը տեսնելու, լսելու և ճանաչելու կարողությունները:

Տեսողական արվեստի դասընթացին կարող են մասնակցել մասնագիտական ուսումնառությունն արվեստի ոլորտում շարունակելու ցանկություն ունեցող աշակերտները, որոնք ունեն նկարելու և ստեղծագործելու որոշակի հմտություններ։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է կարողանալ՝

  • հավաքել, գրանցել տեսողական տեղեկույթը և արձանագրել այն՝ օգտագործելով տարբեր նկարչական տեխնիկաներ,
  • հանձնարարված թեմայով կատարել ուսումնասիրություն և տեքստային վերլուծություն,
  • իրականացնել ինքնուրույն հետազոտություն ընտրված թեմայի շրջանակում՝ ուսումնասիրելով արվեստի տարբեր ուղղություններ, ոլորտներ, արվեստագետների ստեղծագործություններ, համեմատելով սկզբունքային մոտեցումները և գալով համապատասխան եզրահանգման,
  • աշխատել տառատեսակների հետ, համադրել տեքստերը և տեսողական պատկերները։

Դասընթացն ամբողջությամբ ուսումնասիրելու և ավարտական քննություններ հանձնելու համար անհրաժեշտ է ապահովել շաբաթական 15 դասաժամ, որը բաշխվում է 3 տարիների վրա։

ԱԲ-ի տեսողական արվեստի դասընթացն ունի ստանդարտ և խորացված բաղադրիչներ։

Ստանդարտ

ԱԲ-ի տեսողական արվեստի ստանդարտ դասընթացի քննությունը բաղկացած է 2 բաղադրիչից՝

1. գործնական աշխատանք. թղթապանակ, որն աշակերտը ստեղծում է դասընթացի ընթացքում`

2. արտաքին առաջադրանք. հանձնարարված թեմայի շուրջ 15-ժամյա վերահսկվող քննություն, ինչպես նաև նախապատրաստական աշխատանք, նյութերի նախնական հավաքում, հետազոտություն`

Խորացված

ԱԲ-ի տեսողական արվեստի խորացված դասընթացի քննության դեպքում վերոնշյալ 2 բաղադրիչին ավելանում է 3–րդը՝

3. անհատական հետազոտություն, որը բաղկացած է երկու մասից՝

  • գործնական աշխատանք,
  • 1000-ից 1500 բառ ծավալով գրավոր անհատական վերլուծություն։

Դասընթացի ավարտին աշակերտները ստանում են միջազգային չափանիշներին համարժեք գիտելիքներ և հմտություններ, որոնք արժևորվում են արվեստի ոլորտի արդի ուսումնական հաստատություններում։ Դասընթացի ընթացքում ստեղծված աշխատանքները հիմք են ծառայում արտերկրյա համալսարաններ դիմելու և ընդունվելու համար։

Դասընթացն ավարտողները ստանում են նաև ԱԲ-ի հավաստագիր։

Կիսվել

Tweets by AybSchool
>